Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, բայց դա միայն սկիզբն է

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, բայց դա միայն սկիզբն է
24.11.2017 | 03:53

«Իրատեսի» հարցերին պատասխանում է Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

-Ձեր կանխատեսմամբ` նոյեմբերի 24-ին կստորագրվի՞ ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագիրը:
-Մենք` այո:
-ԵՄ-ի կողմից կարո՞ղ են խնդիրներ առաջանալ:
-ԵՄ-ից մենք միայն հավաստիացումներ ենք լսել, որ պատրաստ են ստորագրել մարտին նախաստորագրված համաձայնագիրը: Նոր պայմանագրի հետ կապված տեխնիկական հարցեր կային, որոնք վստահ եմ` լուծված են: Ես համոզված եմ, որ համաձայնագիրը կստորագրվի:
-Իսկ Արևելյան գործընկերության համաժողովի հռչակագի՞րը: Հնարավո՞ր են վերապահումներ` ստորագրելուց զատ:
-Հռչակագրի հարցում հայտնի են Ադրբեջանի տարաձայնությունները` ամրագրել միայն ու միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, նաև այլ պետություններ կան, ուզում են ամրագրել տարածքային ամբողջականության սկզբունքը կոնֆլիկտների լուծման մեջ` Կատալոնիայի իրադարձություններից հետո:
-Իսպանիա՞ն:
-Դա համաեվրոպական միտում է, որ Կատալոնիայի իրադարձությունների հետևանքն է և մեր դեմ չի ուղղված: Մենք չպետք է դրա դեմ գնանք, մենք պետք է ընդգծենք, որ Ղարաբաղի կոնֆլիկտի ենթատեքստն այլ է: Եթե նույնիսկ հռչակագրի հետ խնդիր առաջանա, չպետք է կապվի համաձայնագրի հետ: Համաձայնագիրը պետք է ստորագրվի: Միջազգային պրակտիկայում ընդունված է` ստորագրել սեփական վերապահումներն անելով: Պարզ է, որ Ադրբեջանը հասկանում է` ինչքան շատ է համաձայնագիրը պետք Հայաստանին և փորձում է ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել` խափանելու համաձայնագրի ստորագրումը: Մենք չպետք է տրվենք Բաքվի սադրանքին և հուզական վերաբերմունք դրսևորենք: Բացի այդ` նոր համաձայնագրի պրեամբուլայում ու հոդվածներից մեկում հստակ արձանագրված է, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, Ղարաբաղի հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է` հիմնվելով երեք սկզբունքների վրա: Հռչակագիրը չի կարող հակադրվել համաձայնագրին: Նույնիսկ եթե ինչ-որ տարբերություն լինի, վերապահումով ստորագրելու տարբերակը կա:
-Լավ, ստորագրեցինք, վերադարձանք ու ի՞նչ, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, քաղաքական, սոցիալ-տնտեսական մեր իրավիճակում նախադրյալներ կա՞ն, որ համաձայնագիրը չի մնա թղթի վրա:
-Դա մեզնից է կախված: Նոր համաձայնագրում 3 հոդված կա` 102-ը, 103-ը, 366-ը, որ նվիրված են հասարակությանը, հասարակական ինստիտուտներին ու ԶԼՄ-ներին: Հստակ գրված է, որ հասարակությունը համաձայնագրի անբաժանելի մասն է և իրավունք ունի մասնակցել որոշումների ընդունմանը ու վերահսկել կատարումը: Կզբաղվե՞նք դրանով, գործը առաջ կգնա, չե՞նք զբաղվի, մեր կառավարությունը կկատարի այն հոդվածները, որոնք վերաբերում են ֆինանսներ ստանալուն: Քանի որ այս համաձայնագրով թույլ է տրվում հասարակության ակտիվ մասնակցությունը այդ գործընթացներին, պետք է մասնակցենք և փորձենք համաձայնագիրը իրականացնել ամբողջ բովանդակությամբ, որից կշահեն և հասարակությունը, և պետությունը:
-Ռուս փորձագետներն ասում են, որ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրած երկրներում ի վերջո իշխանափոխություն է լինելու, որովհետև ժողովրդավարացման, օլիգարխների ու կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանական արդյունքը դա է լինելու: Այդպե՞ս է:
-Ճիշտ են ասում, որ համակարգը ավելի ժողովրդավար կդառնա, ընտրությունների միջոցով հնարավոր կլինեն փոփոխություններ: Բայց ես կարծում եմ, որ գլխավոր հետևանքը կդառնա անկախ դատական համակարգ ունենալը, քաղաքացիների իրավունքների հարգումը, կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ ենթատեքստում համակարգում փոփոխություններ, այո, կկատարվեն: Ինչու՞ պիտի մենք վախենանք ընտրությունների միջոցով իշխանափոխությունից: Դա նորմալ գործընթաց է: Ռուսաստանն այլ ճանապարհ է ընտրել` այնտեղ մեկ մարդու իշխանություն միայն կարող է լինել` դա իրենց ինքնիշխան իրավունքն է: Հայաստանում ընտրություններով իշխանափոխությունը պետք է լինի նորմալ երևույթ: Եթե գործող իշխանությունը լավ աշխատի, ես չեմ կարծում, որ իշխանափոխությունը պրիմիտիվ իմաստով կկատարվի: Գլխավորը, որ իշխանությունը լավ աշխատի ու կատարի համաձայնագիրը, որ բազում շանսեր է տալիս: Մեզ պետք չէ՞ կոռուպցիայի դեմ պայքարել, մեզ պետք չէ՞ համակարգը առավել ժողովրդավարական ու արդար դարձնել, մեզ պետք չէ՞ համակարգը մարդակենտրոն դարձնել: Կոռուպցիան հիմա խեղդում է տնտեսությունը, արգելակում տնտեսական ազատությունները: Սխա՞լ է կոռուպցիայի դեմ պայքարելը: Վա՞տ է էներգետիկ այլընտրանքներ ունենալը: Դա կբերի գազի սակագնի իջեցմանը: Հիմա մեզ պարտադրում են գազի երկու անգամ ավելի բարձր սակագին: Համաձայնագրում հստակ է ասվում, որ Հայաստանը պարտավորվում է էներգետիկ այլընտրանքային աղբյուրներ գտնել, որին ԵՄ-ն կաջակցի: Գազի գնի իջեցումը վա՞տ է` և սպառողի համար, և տնտեսության: Եվրոպական ընդհանուր ավիատարածք մտնելը վա՞տ է մեզ համար: Հայաստանում ավիատոմսերը 3-4 անգամ Վրաստանից թանկ են, դա նորմա՞լ է: Մեզ հնարավորություն է տրվում, որ տարբեր ավիաընկերություններ գան Հայաստան, մրցակցություն ապահովեն, իսկ դա ծառայությունների մակարդակի բարձրացում ու գների իջեցում է նշանակում: Սխա՞լ է:
-Գլոբալ առումով` հնարավո՞ր է, որ ինչ-որ պահից Ռուսաստան-Եվրամիություն հարաբերություններն էլ դառնան համագործակցության համաձայնագիր ստորագրելու մակարդակի:
-Դժվարանում եմ ասել: Այսօր հստակ է Ռուսաստանի` ԵՄ-ն կազմալուծելու միտումը: Ոչ թե ճնշումներ գործադրել, որ իր հետ հաշվի նստեն ու իրեն հարգեն, այլ կառույցը կազմալուծել:
-Դա Ռուսաստանի ինչի՞ն է պետք:
-Պատճառները տարբեր են ու շատ են, քանիցս ՌԴ նախագահն է հայտարարել, թե ինչպե՞ս ու ինչու՞ Արևմուտքի հետ հարաբերությունները չեն ստացվում: Եվ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում աջակցել Եվրոպայի բոլոր ազգայնական ու հակաեվրոպական ուժերին, աջակցել անթաքույց ու բաց, նաև ֆինանսավորում տրամադրելով: Վերջերս տեղեկություններ եղան, որ Ռուսաստանը աջակցում է նաև Կատալոնիայի անջատողականներին: Եվրոպական համակարգերը բաց են և ոչինչ գաղտնի չի մնում, բոլոր քայլերը ջրի երես են դուրս գալիս: Դա չի նշանակում, որ Եվրոպայում չկան անջատողական ուժեր: Իհարկե, կան ու միշտ էլ եղել են: Բայց տարբեր իրավիճակներ են, երբ անջատողականները ունեն 2 տոկոս, իսկ ֆինանսավորումից հետո հավաքում են 10 տոկոս: Մեծ գաղտնիք չէ և փորձագիտական ու քաղաքական մակարդակով արձանագրված է, որ Գազպրոմի միջոցով և այլ համակարգերով Ռուսաստանը աջակցում է համաեվրոպական անջատողական միտումներին, իսկ ԵՄ-ն դա չի կարող չտեսնել: Առավել ևս` չգնահատել մարտահրավերը:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ.Գ. Ստեփան Գրիգորյանի հետ հարցազրույցը նոյեմբերի 23-ին էր` «Բրյուսելի գագաթնաժողովից առաջ. Արևելյան գործընկերություն և ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիր» թեմայով «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված քննարկումից առաջ, որին մասնակցում էին Ստեփան Սաֆարյանը, Վլադիմիր Կարապետյանը, Արթուր Ղազինյանը, Էլինար Վարդանյանը, Գեղամ Բաղդասարյանը, Հովհաննես Իգիթյանը: ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վերևից ներքև, լայնքով ու երկայնքով քննարկելուց հետո բոլոր փորձագետները միասնական էին իրենց եզրակացության մեջ` համաձայնագիրը ստորագրվելու է, բայց գլխավորը ոչ թե դա է, այլ այն աշխատանքը, որ սկսվելու է համաձայնագրի ստորագրումից հետո, որպեսզի Հայաստանը իրականացնի զարգացման իրեն տրված բազում շանսերը: Ի՞նչ շանսեր ու ինչպե՞ս` «Իրատեսի» հաջորդ համարում:

Դիտվել է՝ 3691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ